Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի հեղինակ, ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, Շիֆը հիշեցնելով, որ 2009-ին նախագահ Օբաման 2009-ի ապրիլի 24-ի իր ուղերձում դա չի արել «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հաշտեցման պատճառով», շեշտել է, որ «դա հաշտեցման բնույթի խեղաթյուրված ըմբռնում է», քանի որ հաշտեցումը «երբեք չի կարող ամուր հիմք գտնել ցեղասպանության ուրացման մեջ կամ լռել` հանդիպելով ուրացման»:
«Արձանագրությունների հետ կապված գործընթացը Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ շաղկապելը քաջալերում է Թուրքիային` չվավերացնելու դրանք, քանի որ թուրքերը գիտեն, որ գործընթացի երկարաձգումը բանաձեւի ընդդիմախոսներին Հայոց ցեղասպանության ճանաչումը ձգձգելու շարունակական պատրվակ է ընձեռում», — ասված է Ադամ Շիֆի նամակում:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ամերիկահայության անունից երախտագիտություն է հայտնել հայամետ կոնգրեսականին ԱՄՆ հղած կոչի համար` ընդգծելով. «Ապրիլի 24-ի մոտենալուն զուգընթաց, արձանագրությունների հետ կապված գործընթացի տապալումից անմիջապես հետո, պարզ է, որ նախագահ Օբաման կանգնած է հստակ ընտրության առջեւ. նա կարող է հարգել իր հանձնառություննները եւ շարժվել խղճի թելադրանքով` պատշաճ կերպով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կամ էլ մեղսակից մնալ մարդկության դեմ այդ հանցագործության ուրացման` թուրքական կառավարության արշավին»:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով դիմել են նաեւ ամերիկացի 14 սենատորներ:




























