Դատարանը հիմնավորված է համարել մաքսային հսկողության վարչության աշխատակից Վահե Դավթյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները` երթեւեկության կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է երկու մարդու մահվան:
Ապացուցվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության 1-ին կարգի մասնագետ Վահե Դավթյանը 2009թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 2-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Պորշ» մակնիշի, 54ՍՍ555 պետհամարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ: Մասնավորապես` Վ. Դավթյանն ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ, կարմիր լույսի ազդանշանի առկայության պայմաններում մուտք է գործել Գայի պողոտա և Ն.Ստեփանյան փողոցի խաչմերուկ, տեխնիկական տեսակետից ստեղծելով վթարային իրադրություն` ընդհարվել «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ2795 պետհամարանիշի ավտոմեքենային, ապա ընթանալով դեպի աջ` ընդհարվել ճանապարահի աջ կողմում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ 2813, «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ2815 և «ՎԱԶ 11183» մակնիշի, Տ2820 պետհամարանիշների ավտոմեքենաներին, որի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանն և ուղեւոր Հովհաննես Խաչատուրյանը տեղում մահացել են:
Վ. Դավթյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Վահե Դավթյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման: Վ. Դավթյանը պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:




























