Եվրամիությունը Վրաստանին եւ Հարավային Օսիային հորդորում է չխորացնել տարածաշրջանում առկա լարվածությունը եւ Եվրամիության դիտորդներին սահմանի երկու կողմերում էլ ապահովել «անսահմանափակ թույլտվություն»։ «Եվրամիությունը իր մտահոգությունն է հայտնում Հարավային Օսիայի սահմանի երկու կողմերից հրաձգության եւ այլ իրադարձությունների առնչությամբ վերջերս հնչեցրած մեղադրանքների շուրջ», ասվում է ԵՄ նախագահող երկրի՝ Շվեդիայի հայտարարության մեջ։

«Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ լարվածությունը ուժեղացնող ցանկացած հայտարարություններից եւ գործողություններից՝ հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում», — ընդգծված է հայտարարութան մեջ՝ կազմակերպության բոլոր 27 անդամ-երկրների անունից։

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի տարածքում օսական գյուղերից մեկի գնդակոծման մասին։ Ինչպես ասել է Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Յուրի Տանաեւը, վրացական Պլավի գյուղի կողմից ականանետի երեք կրակոց է արձակվել Օսիայի Օտրեւ գյուղի ուղղությամբ։ Արկերից մեկը պայթել է գյուղի ծայրամասում։ Դեպքի առնչությամբ զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Շաբաթ օրը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 1-ը Հարավայի Օսիայի մայրաքաղաքը պարբերաբար գնդակոծվում էր ականանետերից եւ նռնականետերից։ Կրակը արձակվում էր Հարավային Օսիայի հանրապետության զինուժի ստորաբաժանման դիտակետերի ուղղությամբ։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այդ հայտարարությունը։