«Մոլդովայում ես դիտորդ եմ եղել եւ մայրաքաղաքում, եւ շրջաններում, այցելել եմ 15 ընտրատեղամաս եւ կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, տարբերություն կա ՀՀ-ում ընտրությունների համեմատությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Մոլդովայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում:

«Ես ականատես չեմ եղել, որ երթուղային տաքսիներով մարդկանց հոսք ապահովեն ընտրատեղամասեր եւ որեւէ մեկը չէր կարող ուղղորդել կամ ուղեկցել ընտրողներին դեպի ընտրատեղամասեր»,- նշեց նա, հավելելով, որ այնտեղ լուրջ խնդիր են եղել ընտրացուցակները, քանի որ դրանք այնքան էլ հասանելի չեն եղել ընտրողների համար:

Ինչ վերաբերում էր ընտրությունների լուսաբանմանը, ըստ Զ. Փոստանջյանի, Մոլդովայում եւս, ինչպես Հայաստանում, հանրային հեռուստատեսությունը միանշանակորեն վերահսկվում է իշխանությունների կողմից: «Ընդհանուր առմամբ, այդ ալիքով ընդդիմությունը լուսաբանվել է քիչ եւ բացասական տեսանկյունից: Բայց, ի տարբերություն Հայաստանի, Մոլդովայում ունեն անկախ հեռուստատեսություն, ինչպիսին մեզ մոտ „Ա1+“-ն էր, եւ այդ հեռուստատեսության միջոցով ընդդիմությունը կարողացել է իր տեսակետները հասցնել հասարակությանը»,- հավելեց նա:

Հարցին, թե Մոլդովայում ընտրությունների ընթացքում, հանդիպե՞լ է սափրագլուխների կամ մականունավոր պատգամավորների, Զ. Փոստանջյանը բացասական պատասխան տվեց: «Կարող եմ միանշանակ ասել, որ թիկնազորների կամ սափրագլուխների առկայության ականատես չեմ եղել ու չունեմ փաստեր, որ կարող է ինչ-որ պատգամավոր իր սափրագլուխների հետ գալ ընտրատեղամաս եւ այնտեղ ծեծել լրագրողներին, կամ քվեատուփերը վերցնել-տանել: Այն ինչին ես ականատես եմ եղել Հայաստանում, նման փաստ ոչ միայն ես, այլեւ որեւէ այլ դիտորդ չի արձանագրել»,- ընդգծեց նա, հավելելով, որ ընտրակաշառքների առումով կարող է միայն փաստել, որ իշխող կոմունիստական կուսակցությունը պետական հիմնարկներում դեղորայք է բաժանել: