Թուրքիայի համար անակնկալ չէր Երեւանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցնելը: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ իր Էստոնիա այցելության ժամանակ: «Դա մեզ համար անակնկալ չէր, բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացը կշարունակվի: Երբ դրա համար հնարավորություն կստեղծվի, մենք պատրաստ ենք անել եւս մեկ քայլ»,- ասել է նա, հավելելով, որ գործընթացի շարունակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: «Յուրաքանչյուրը կշահի այս խնդրի լուծումից, սակայն այդ դրական արդյունքները անհրաժեշտ է արդար ու հավասարաչափ բաշխել բոլորի միջեւ: Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխի»,- հայտարարել է Դավութօղլուն:

Այնուհետեւ անդրադառնալով Սերժ Սարգսյանի որոշմանը նա ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելը Հայաստանի միակողմանի որոշումն է: «Այդ որոշումը Հայաստանը միակողմանիորեն է ընդունել: Որոշումը վերաբերում է իրենց ընթացակարգին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարն ու հավելել. «Մենք պատրաստ ենք առաջ շարժվել՝ երբ առկա լինեն համապատասխան պայմանները»: