Ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները կոչով դիմել են ՀՀ իշխանություններին եւ լրատվամիջոցներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել, որպեսզի գրեթե քսան տարիների ընթացքում տարատեսակ հալածանքների ենթարկված մարդկանց հանդեպ վերջապես կիրառելի դառնա օրենքի գերակայությունը։ Այս մասին նշված է նրանց հայտարարությունում։
«Մենք`ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներս, արդեն իսկ հուսահատ կոչով դիմում ենք ՀՀ իշխանություններին եւ լրատվամիջոցներին` խնդրելով աջակցություն ցուցաբերել, որպեսզի գրեթե քսան տարիների ընթացքում տարատեսակ հալածանքների ենթարկված մարդկանց հանդեպ վերջապես կիրառելի դառնա օրենքի գերակայությունը, եւ գոնե մեկ անգամ մենք զգանք արդարության համը: Խնդրում ենք լրատվամիջոցներին սեւեռել իրենց ուշադրությունը եւ մշտապես բարձրաձայնել խնդրի մասին, քանի որ այն վերաբերում է մարդկային կյանքերին: Մեր խոսքը ուզում ենք ուղղել ՀՀ գլխավոր դատախազ պրն. Գեւորգ Կոստանյանին:
Հարգելի պրն. Կոստանյան, ողջունելի է բարեփոխումներ իրականցնելու իշխանությունների կամքը. Պետք է նշենք, որ Հայաստանում իրականացվում են դատաիրավական համակարգի բարեփոխումներ: Այս բարեփոխումների անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ հաճախ դատարանները կայացնում են ակնհայտ անարդար վճիռներ, ուստի կարիք կա բարձրացնել դատաիրավական համակարգի գործունեության արդյունավետության մակարդակը; Սակայն այս ընթացքում ինչու նախատեսված չեն քայլեր` ուղղված նախկինում թույլ տրված խախտումների բացահայտմանը եւ վերանայմանը: Կարծում ենք, որ ոչ մի բարեփոխում արդյունք չի ունենա, եթե չընդունվեն եւ հաշվի չառնվեն նախկինում թույլ տրված սխալները եւ բացթողումները: Ցմահ ազատազրկում պատժատեսակն ամենախիստ ու ամենածանր պատիժն է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, հետեւաբար այն նշանակելիս պետք է խիստ որոշակի տարբերակումներ լինեն: Մի մեջբերում անենք 1992թ.-ին ՄԱԿ-ի հանցագործության քրեական արդարադատության հանձնաժողովի կողմից ընդունված դեռ №1992 որոշումից. «Ցմահ ազատազրկում պատժատեսակ նշանակել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հասարակության պաշտպանության համար եւ առավել ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ»: Մի համեմատություն եւ հիշեցում է անենք մինչեւ վերադառնալը բուն խնդրին: Շատ երկրներում սահմանադրությամբ արգելված է ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը: ՀՀ-ում ցմահ ազատազրկում նշանակելիս ոչ մի տարբերակում չի դրվել, հաշվի չեն առնվել մեղմացուցիչ շատ հանգամանքներ. ցմահ են դատապարտվել մեկ հոգու սպանություն կատարած անձիք եւ կան քրեական գործեր, որտեղ հանցագործությանը մասնակից անձը անմիջապես սպանություն չի կատարել, բայց դատապարտվել է ցմահ ազատազրկման: Խոսքը հատկապես վերաբերվում է նախկին օրենսգրքով մահապատժի դատապարտված, այնուհետեւ «ներման արժանացած» դատապարտյալներին: Գաղտնիք չէ, որ քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ հնարավոր դատական սխալների հիմքով անդրադարձ է կատարվում ցմահների գործերին: Այդպիսի հնարավորություն էր ստեղծվել 2011թ.-ին, երբ ԱԺ-ն ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, ըստ որի 15 տարի առավելագույն տեւողությամբ պատժաչափը փոխարինվեց 20 տարվա: Գրեթե բոլոր դատապարտյալները դիմեցին դատարաններ, իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով`մտածելով, որ ցմահ ազատազրկման տեսանկյունից այս օրենքը հետադարձ ուժի սկզբունքով մեղմացում է, սակայն դատարանները մերժեցին` պատճառաբանելով, որ օրենքի խստացում է տեղի ունեցել, այլ ոչ մեղմացում: 2011թ.-ից մինչեւ հիմա ցմահ ազատազրկման է դատապարտվել մեկ հոգի: Վերցրեք ցմահ ազատազրկում պատժատեսակի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածը. արդյոք կա մեկ այլ եռամյակ, երբ ցմահ ազատազրկման է դատապարտվել մեկ հոգի. ի՞նչ է նշանակում սա, որ սպանությունները քչացե՞լ են: Իհարկե ոչ, պարզապես դատավորներն ունեն 15 տարուց ավելի խիստ պատիժ տալու հնարավորություն մինչեւ 20 տարի. կարող ենք համոզվել դրանում` նայելով նախադեպերին, որոնք եղել են օրենքի ընդունումից հետո: Կան գործեր մեկ հոգուց ավել սպանությամբ եւ ավելի դաժան, քան շատ ցմահների քրեական գործերն են, որոնց վճիռները ցմահ չեն եղել, այլ համապատասխանաբար ցմահ չեն եղել, այլ համապատասխանաբար 15-20 տարվա միջակայքում են: Շատ իրավաբաններ անգամ դատախազներ այս հարցի շուրջ համակարծիք են, որ Դուք ունեք իրավասություն գործերի վերաբացման եւ պատիժների վերանայման առումով: Կարծում ենք, որ իրականացվող բարեփոխումների շրջանակներում հասունացել է ժամանակն անդրադառնալու ցմահ ազատազրկվածների խնդիրներին եւ հնարավոր բացթողումներին, որոնք ի հայտ են եկել ցմահ պատժատեսակի կիրառմանը զուգահեռ: Հուսով ենք`մեր դիմումն անպատասխան չի մնա եւ Ձեր լիազորությունների սահմաններում կաջակցեք մեզ եւ մեր դատապարտված հարազատներին»:



























