Հրաբխային մոխրի ամպը, որ գոյացել է իսլանդական Էյաֆյադլյայոկուդլ հրաբխի ժայթքման արդյունքում, շարժվում է Ատլանտիկայի ուղղությամբ եւ ապրիլի 24-ի առավոտյան ամբողջությամբ կհեռանա մայրցամաքից:
Այսպիսին է բրիտանական օդերեւութաբանների կանխատեսումը:
Հաղորդվում է, որ ամպի փոքր ծվենը դեռ որոշ ժամանակ կգտնվի Լեհաստանի, Ռուսաստանի Կալինինգրադի մարզի, Լիտվայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հյուսիս-արեւմուտքի վրա:
Իր հերթին օդային հաղորդակցության անվտանգության եվրոպական գործակալությունը՝ Eurocontrol-ը, հաղորդել է գործնականում բոլոր թռիչքների վրայից արգելքների հանման մասին: Իսկ օդային հաղորդակցությունը Եվրոպայում, ըստ կանխատեսումների, համապատասխանելու է օրվա նորմաներին:
Ինչպես նշում է RBC-ն, համաձայն Eurocontrol-ի կանխատեսումների, Եվրոպայում իրականացվելու է 29 հազար չվերթ: Նախօրեին իրականացվել է 27 հազար 284 չվերթ:
Հիշեցնենք, որ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 150 կմ հեռավորության վրա գտնվող Էյաֆյադլայոկուդլ հրաբուխը սկսել է ժայթքել մարտի 12-ին: Արդյունքում գոյացել էին հրաբխային մոխրի ամպեր: Իսլանդական հրաբխի ժայթքումը կաթվածահար էր արել մայրցամաքի տրանսպորտային համակարգը:




























