Ադրբեջանական լրատվամիջոցներն ըմբոշխնում են իսրայելական հատուկ ծառայությունների տարածած հակաիրանական տեղեկատվական խայծը, իբր Իրանի երկնքում հուլիսի 15-ին կործանված ՏՈՒ-154 ինքնաթիռը զենք էր տեղափոխում «Հզբոլլահ» շարժման համար:
Առաջին մեդիա-համազարկը տվեց իտալական «Corriere della Sera» պարբերականը՝ հղում անելով Մերձավոր Արեւելքի իր սեփական աղբյուրներին: Համաձայն աղբյուրի՝ Թեհրան-Երեւան չվերթով թռչում էին ոչ միայն ուղեւորները, այլեւ զինամթերքով ու պայթուցիկով բեռներ: Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ զինամթերքը Հայաստանից ցամաքային ճանապարհով տեղափոխվելու էր Թուրքիա, այնտեղից էլ ՝ Սիրիայով դեպի հարավային Լիբանան:
Իսրայելական եւ ադրբեջանական վերլուծաբանները, որ մանրամասն քանդել-հավաքել են այդ անհեթեթ վարկածը, չեն էլ խորանում այն փաստի մեջ, որ բեռները Հայաստանից կարելի է Թուրքիա հասցնել միայն Վրաստանի տարածքով, քանի որ նույն այդ Ադրբեջանի ջանքերով հայ-թուրքական սահմանը փակ է: Բայց կարեւորը դա չէ: Դժվար է պատկերացնել, որ Իրանից Սիրիա զենք մատակարարելու համար անհրաժեշտ էր նման հնարամիտ մայրուղի գծել, մեկ ամբողջ շրջան անելով Հայաստանով, Վրաստանով ու Թուրքիայով: Եւ դա այն պայմաններում, որ Իրանն անմիջականորեն սահմանակցում է Թուրքիային, իսկ Թեհրանի ու Դամասկոսի միջեւ բավական սերտ երկխոսություն կա: Ի՞նչ իմաստ ուներ «Հզբոլլահին» զենք մատակարարողների համար այդ գործում ներքաշել երրորդ երկրների, ասենք՝ Վրաստանին:
Բայց թողնենք Իսրայելին ու Ադրբեջանին, որ վերջին շրջանում մեկ ընդհանուր ճակատով են մարտնչում Իրանի դեմ, եւ անդրադառնանք հայաստանյան գերատեսչությունների մամուլի ծառայությունների հերոսական աշխատանքին: Հայաստանին մերձավորարեւելյան տարածաշրջան զենքի մատակարարման մեջ մեղադրելու վերաբերյալ համապատասխան գերատեսչություններից մեկնաբանություններ ստանալու NEWS.am-ի թղթակցի բոլոր ջանքերն ավարտվեցին ապարդյուն: Բայց խնդիրն ամենեւին էլ զենքի մեջ չէ, այլ ուղեւորների մահվան իրական հանգամանքների պարզաբանման…
Տարակուսելի է, բայց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը որոշել է հանգստանալ ողջ կազմով: Մյուս մամուլի ծառայությունների լռությունը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք էլ վարվել են այդկերպ: Երկրի հեղինակությունն ու ավիավթարի զոհերի հարազատները, ինչպես ասում են, կսպասեն…




























