ԱՄՆ-ում Լոս Անջելեսի Little Armenia (Փոքր Հայաստան) տարածքում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ Միացյալ Հայ Երիտասարդները (ՄՀԵ) քայլարշավ են կազմակերպում` իրենց բողոքն արտահայտելով Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: ՄՀԵ-ն 2001թ-ից պատասխանատու է եղել ամենամյա Հայ Սփյուռքի պատմության մեջ թերևս ամենամեծ ցույց-քայլարշավի համար, որն էլ տեղի է ունենում Կալիֆորնիայի Հոլիվուդ շրջանի Փոքր Հայաստան տարածքի շրջակայքում:
Հայոց Ցեղասպանության ժխտումը ծնունդ է տվել այլ եղեռնագործությունների, որոնց շարքում են Հրեական Հոլոքոստը, Քամբոջիական ցեղասպանությունը, ինչպես նաև Ռուանդայի միլիոնավոր կյանքեր խլած ցեղասպանությունը: Այսօր էլ հազարավոր մարդիկ շարունակում են զոհ գնալ 21-րդ դարի առաջին Ցեղասպանության նոր դրսեւորումներին՝ Սուդանի Դարֆուր շրջանում:
«Նախագահ Բարաք Օբաման ուխտ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ որպես Իլինոյս նահանգի սենատոր, ե՛ւ որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Իր արշավում Նախագահ Օբաման քաղաքակիրթ աշխարհին խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նշելով. „Ամերիկան արժանի է մի այնպիսի առաջնորդի, ով ճշմարտորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին եւ նույնչափ ուժգնությամբ էլ կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել հենց այդ նախագահը“: Սակայն նա ժխտեց իր խոստումը, որը նա տվեց ոչ միայն հայ համայնքին, այլ նաեւ ամբողջ մարդկությանը»,- ասված է ՄՀԵ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Little Armenia բողոքի ցույց-քայլարշավ իրադարձությունը տեղի կունենա 2010թ. Ապրիլի 24-ին: Վերջինիս կազմակերպչական աշխատանքներն արդեն սկսված են և կշարունակվեն առավել ակտիվությամբ: Բազում հայկական և ոչ-հայկական կազմակերպություններ արդեն առաջարկել են իրենց լուման՝ ի նպաստ ծրագրի իրագործմանը:




























