Այսօր ժամը 3-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվելու «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

Այդ կապակցությամբ իր պարզաբանումներն է տվել նաեւ Քրեակատարողական վարչությունը: Վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվի առնելով լրատվության միջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, հայտնում ենք, որ ս. թ. օգոստոսի 4-ին Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է նաեւ հիշյալ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը եւ տվել հավանություն»: Քրեակատարողական ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան ի թիվս այլ դատապարտյալների Արման Բաբաջանյանին եւս պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: «Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունն ըստ էության կքննվի եւ կլուծվի դատարանի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արմանի գլխուղեղում հայտնաբերվել է 7,5 մմ մեծությամբ ուռուցքատիպ գոյացություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը: Ներկայումս նրա մոտ արձանագրվել է տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, ինչպես նաեւ նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող: Վաղակետ ազատման անկախ հանձնաժողովը համառորեն հրաժարվում էր քննել Բաբաջանյանի հարցը, Բաբաջանյանը երեկ հայտարարել էր իրեն նշանակած դեղորայքից հրաժարվելու եւ հնարավոր հացադուլի մասին:

Հիշեցնենք նաեւ, որ 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի օրացուցային պատժաժամկետը լրանում էր այս տարվա սեպտեմբերի 16-ին: