Թուրքիայում անաղմուկ բայց իրենց սեւ գործն են անում տզերը: Այո, սովորական տզերը, որոնք Թուրքիայում 2002-ից այս կողմ 140 մարդու կյանք են խլել:

Այսքան մարդկանց մահվան պատճառ հանդիսացող տզերը կրում են վտանգավոր վիրուս: Վիրուսակիր տզի խայթելուց հետո հիվանդի մոտ նկատվում է բարձր ջերմություն եւ…:

2002 թվականից այս կողմ արձանագրվել է վիրուսակիր տզերի կծելու 2315 դեպք, որոնցից 140-ը մահվան ելքով: Թուրքիայում երբ իմանում են իրենց բնակավայրի մոտակայքում հայտնված տզերի մասին մեծ իրարանցում է առաջանում:

Իրարանցումից չեն խուսափել նաեւ անգլիացիները: Թուրքական «Net Haber» կայքը տեղեկացնում է, որ թուրքական բեռնատարի վարորդը իր հետ Լոնդոն էր «տեղափոխել» նաեւ մի տիզի: 45 ամյա բեռնատարի վարորդը բարձր տաքությամբ դիմել է բժշկի: Բժիշկներին նա ոտքի վրայի տզին է ցույց տալիս, սակայն դրան ուշադրություն չեն դարձնում: Երբ թուրք վարորդը պատմում է, որ տզի խայթոցից Թուրքիայում ինչքան մարդ է մահանում, բժիշկները սարսափելի իրարանցման մեջ են ընկնում, զանգում են այս ու այն կողմ ու հատուկ կանչված մեքենայով հիվանդ թուրքին շտապ տեղափոխում հիվանդանոց:

Թուրքական «Zaman» թերթի հաղորդմամբ, Թուրքիայի առողջապահության նախարարությունը ներկայացրել է վիրուսակիր տզերի բազմացման տարածքները, որոնք են՝ Միջին Անատոլիան, սեւծովյան միջին առափնյա շրջանները:

Մասնագետները զգուշացրել են, որ դրանք հայտնվում են եղանակների տաքացման հետ եւ մինչեւ նոյեմբեր գտնվում են ակտիվ վիճակում: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ տզերի խայթոցները եւ դրանց պատճառով մահվան դեպքերը տարեցտարի շատանում են: 2002-2003 թթ խայթոցների թիվը եղել է 150-ը, որոնցից 6-ը մահվան ելքով, 2004թվականին՝ արդեն 249, 13 մահվան ելքով, իսկ 2007թ-ին գրանցվել է 717 խայթոցի դեպք, 27 մահվան ելքով:

«Hurriyet»-ը իր մի հրապարակման մեջ նշում է, որ 2009 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 25-ը գրանցվել է 533 խայթոց, որոնցից 27-ը մահվան են հանգեցրել: Կարսի կովկասյան համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Զաթի Վաթանսեւերը նշում է, որ վիրուսակիր տզերը հիմնականում լինում են այնպիսի գյուղերում, որտեղ, ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, հողային աշխատանքներում վնասատու միջատների դեմ թունաքիմիկատներ չեն օգտագործում: