Հայաստանը շարունակում է հաստատուն կանգնած մնալ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործընթացը մինչեւ վերջ տանելու դիրքերում: Այդ մասին «Ծիծեռնակաբերդի» բարձունքում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Մենք հաստատակամ ենք ոչ ասելու բոլոր այն ոճրագործներին, ովքեր միայն հայ լինելու համար 1,5 միլիոն մարդկանց հրի եւ սրի մատնեցին»,- նկատել է ԱԱԽ քարտուղարը:
ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ հուսով է, որ Թուրքիայում կգերակշռի Հայաստանի հետ երկխոսության միտումը: «Կարծում եմ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը կսպասեն այդ ազդակին: Եթե նման ազդանշաններ չլինեն, գործը կմնա այս մեռյալ կետում»,- նշել է ԲՀԿ-ական պատգամավորը:
ՀՅԴաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցմանն ու նկատել, որ նախագահի ուղերձը, կոալիցիայի հայտարարությունը թեեւ ամբողջական քայլ չեն համարում, սակայն դրական ենք գնահատում:
«Իմ խորին համոզմամբ դա ճիշտ քայլ էր: Ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը: Այն պարզ պատճառով, որ մենք մեր կառուցողականությունը ցույց տվեցինք, բայց եկավ մի իրավիճակ, երբ պետք էր արձագանքել Թուրքիայի ոչ կառուցական պահվածքին»,- իր հերթին նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ու ամփոփել. «Կարծում եմ՝ այս տեսանկյունից Հայաստանը ավելի շահեկան իրավիճակում է»:




























