Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված միջոցառումներ են ընթանում։ Կանադայի հայերը Մոնրեալից դեպի Օտտավա երթ են անցկացնում, որը Ցեղասպանության հիշատակմանը նվիրված չորսօրյա մարաթոնի վերջին կետն է։ Ապրիլի 21-ին 95 կանադահայերից բաղկացած մի խումբ Մոնրեալից երթ է սկսել դեպի Օտտավայում գտնվող խորհրդարանի շենք։

Ամերիկայի Հայկական համագումարի ակտիվիստները մասնակցել են չորրորդ ամենամյա մարաթոնին, որը նախաձեռնել է Jewish World Watch’s։ Մարաթոնը կոչված է աջակցելու մասնավորապես Դարֆուրի եւ Կոնգոյի ցեղասպանություններին դիմակայման ջանքերին։ «Մեզ համար շատ կարեւոր է համերաշխ լինել նրանց հետ, ովքեր այսօր ընդդիմանում են ցեղասպանություններին, քանի որ մենք եւ մեր ողջ ժողովուրդը զգացել է դա իր մաշկի վրա»,- հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչ Նշան Կուլուկյանը։

Ցեղասպանության հիշատակման 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կլինեն նաեւ ապրիլի 25-ին։ Տորոնտոյում անցկացվող միջոցառմանը կմասնակցի 800 մարդ, այդ թվում՝ կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Կանադայի քաղաքական կուսակցությունների անդամներ։ Ելույթ կունենա «The Independent» պարբերականի Մերձավոր Արեւելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը։

Նշենք, որ, որ այսօր ողջ աշխարհի հայությունը նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը։ 95 տարի առաջ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական իշխանությունները հայկական վիլայեթներից ու Թուրքիայի հայաբնակ մյուս շրջաններից բռնի տեղահանեցին ու խոշտանգեցին ողջ արևմտահայությանը։ Զանգվածային կոտորածներին ու տեղահանություններին զոհ դարձավ 1.5 միլիոն հայեր, մոտ 500 հազարը տեղահանվեցին։ Ցեղասպանության սկիզբ է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ: