«Չնայած նրան, որ Ցեղասպանությունից 95 տարի է անցել, եւ այն վերապրածների թիվը տարացտարի ավելի ու ավելի է նվազում, այնուամենայնիվ այսօր էլ մեր կողքին ապրում են եւ կան Ցեղասպանության արհավիրքը վերապրած մարդիկ»,- հայտնում է «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը՝ օրինակ բերելով երեւանաբնակ 103-ամյա Մարի Վարդանյանին։

«Ասել են գյավուր, գերեզմանդ պիտի փորես, այդ փոսի մեջ էլ պիտի մեռնես» ,- հիշում է Ցեղասպանությունը վերապրած 103-ամյա կինը՝ պատմելով, թե ինչպես են թուրքերը սպանել իր հորը։

Խնջույքի ժամանակ թուրքերը դավադրաբար սպանել են նաեւ մեծահարուստ ընտանիքից սերած Մարի Վարդանյանի պապին՝ Գեւորգ էֆենդի Մազմանյանին. «Պապս հինգ զավակ է ունեցել՝ երեք աղջիկ եւ երկու տղա. նրանք չկան,- վերհիշում է նա՝ ավելացնելով,- դրանից հետո թուրքերը եկան, հայերին ջարդելու հրաման հանեցին, հայերի ունեցվածքն ու շենն իրենցով արեցին»։

103-ամյա կնոջ խոսքով, ինքը երախտագիտությամբ է հիշում տատին ու իրեն փրկած թուրք եղբայրների անունը՝ Հասան եւ Հուսեյն. «Ցեղասպանությունից փրկվելուց հետո ես ու տատիկս հայտնվեցինք որբանոցում, մորս տարան սպանեցին։ Ճանապարհին նա տեսնում է, որ սայլով 7-8 երեխա են տանում։ Նրանցից երկուսը, իր եղբոր երեխաներն են լինում»,- պատմում է Մարի Վարդանյանը։

Արեւմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում ծնված 103-ամյա Մարի Վարդանյանը, ով այժմ բնակվում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, նշում է, որ նույնիսկ հիմա փակ աչքերով կգտնի հայրենի տունը. «Հասցեն էլ կարող եմ ասել։ Մեր վերեւում եւ ներքեւում տնվորներ կային»,- հիշում է նա։

Ամփոփելով՝ չի կարողանում չնշել. «Ես թուրքերին չէի սիրում»։