Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի «Ձերբակալության ընթացքում կորած անձանց պաշտպանության» հանձնաժողովը Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել:
Թուրք իրավապաշտպանները 1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլի 220 հայ մտավորականի ձերբակալությունից հետո անհետ կորած 139 հոգու նկարներով նստացույց են կազմակերպել եւ պետությունից պահանջել են պատասխանել, թե ո՞ւր կորան ձերբակալված հայ մտավորականները:
Նստացույցի մասնակիցները հայտարարել են, որ ձերբակալված հայ մտավորականներից 81-ը բանտերում սպանվել են, իսկ մնացած 139-ից դեռեւ տեղեկություն չկա: «Արդարության հաստատման համար ականջ դրեք այդ կորած մարդկանց համար արվող արձագանքներին, առերեսվեք պատմության հետ, զանգվածային գերեզմանները պահպանության տակ վերցրեք, կորած մարդկանց հարազատներից ներողություն խնդրեք: Չնայած նրան, որ այնպես է արվում, որպեսզի մոռացվի 1915-ի ապրիլի 24-ը, սակայն մենք չենք մոռացել եւ չենք մոռանալու»,-նշվում է թուրք իրավապաշտպանների հայտարարության մեջ:




























