Կիպրոսի Հանրապետության քաղաքական կուսակցությունները Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ եւ իրենց համերաշխությունն են հայտնել հայերին:

Կիպրոսի Կոմունիստական կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը ամբողջ մարդկության համար վտանգ է ստեղծում:

Կիպրոսի «Դեմոկրատական հավաք» կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ իրենք մասնակցում են հայ ժողովրդի սգին եւ իրենց աջակցություն են հայտնում հայերին` աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող քայլերին:

«Միջազգային հանրությունը պետք Հայոց ցեղասպանությունը ճանաչի որպես մարդկության դեմ իրականացված հանցանք: Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության համար Թուրքիան պետք է պատժվի»,- իր հերթին հայտարարել է Կիպրոսի Դեմոկրատական կուսակցությունը:

Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաեւ Կիպրոսի հանրապետության Սոցիալ-դեմոկրատները եւ «Բնապահպանների շարժում» կազմակերպությունը: