«Այսօր առավոտյան մոտ 100 հոգանոց խմբով գնացինք Հրանտ Դինքի գերեզմանին, դրանից հետո ուղեւորվեցինք դեպի Ստամբուլի Բավըքլը գերեզմանատանը գտնվող նահատակների հուշարձան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր եւ «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արիս Նալչըն՝ խոսելով 1915 թվականի Ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 մլն հայերի ոգեկոչմանը նվիրված ստամբուլյան միջոցառումների շարքի մասին։

Նրա խոսքով, այսօր` ապրիլի 24-ի երեկոյան ժամը 19-ից Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կմեկնարկի «Մեր ցավերը միասին, ամենքս միասին» խորագրով հանրահավաքը, որին, Նալչըի հավաստմամբ, կմասնակցեն նաեւ մեծ թվով թուրքեր:

"Պիտի հավաքվի մի թուրք հասարակական կազմակերպություն, որը պիտի գոչի «Այս ցավը մերն է, այս սուգը` բոլորինս»,- ասաց նա՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ այսօր երեկոյան հավաք է կազմակերպվում նաեւ Քադըքյոյում՝ Հայդար փաշայի երկաթգծի կայարանի մոտ։

Նշելով, որ առավել ազդեցիկ եւ մեծ պետք է լինի հատկապես Թաքսիմ հրապարակում նախանշված միջոցառումը, Նալչըն հայտնեց, որ դրան մասնակցելու են առավելապես թուրք մտավորականներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Կարծում եմ՝ այնտեղ ավելի շատ թուրքեր կլինեն, քան թե հայեր, որովհետեւ հայերը վախենում են Ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնելուց» ,- նկատեց «Ակոսի» խմբագիրը՝ հավելելով, որ նմանօրինակ հավաքներին թուրք մտավորականներից, արվեստագետներից եւ հասարակական գործիչներից բացի մասնակցում են նաեւ Թուրքիայի շարքային քաղաքացիներ։