Շուտով կրթության եւ գիտության նախարարությունը կլծվի գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ընտրության գործին։ Հիշեցնենք, որ չորրորդ ամիսն է ինչ ԳԹԿ-ի տնորենի պաշտոնը թափուր է։ Նախկին տնօրեն Մանուկ Մկրտչյանի փոխնախարար նշանակվելուց հետո պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալ Արմեն Փաշայանը։

Նշենք, որ Մկրտչյանը փոխնախարար նշնակվեց Դաշնակցականնների հրաժարականից հետո, նա փոխարինում է Բագրատ Եսայանին։ Ինչ վերաբերվում է տնօրենի ընտրության ձգձգմանը, պարզվում է՝ պատճառը կրթության ու գիտության նախարարության պաշտոնների փոփոխության եւ քննաշրջանի համընկնումն է եղել։ Օրերս մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ այդ մասին ասաց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Պատճառը նախեւառաջ քննական գործընթացն էր։ ՊՈԱԿ-ների կանոնադրության համաձայն՝ տնօրենն ընտրովի է, այլ ոչ թե նշանակովի, իսկ դա մի պրոցես է, որը այդ ժամանակահատվածում դժվար էր կազմակերպել, եւ մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի գործընթացը մոտենա իր ավարտին, նոր աշխատենք ԳԹԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը համալրելու ուղղությամբ»։ Իսկ թե ովքեր են հավակնում թափուր պաշտոնին, նախարարը ասաց որ դեռ թեկնածուների անուններ հայտնի չեն, այդ ամենի մասին պարզ կլինի միայն հայտարարությունից հետո։

Անդրադառնալով ընտրության կարգին՝ նշենք, որ ԳԹԿ-ում տնօրեն ընտրում են մրցութային կարգով, որի մասին հայտարարվում է մեկ ամիս առաջ։ Թեկնածուները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում են հայտեր, կազմվում է համապատասխան խորհուրդ եւ ընտրում համապատասխան թեկնածուին։ Թեկնածուները ոչ թե թեստեր են լրացնում կամ հարցերի պատասխանում, այլ ներկայացնում ոլորտի վերաբերյալ իրենց հայեցակարգը։ Թեկնածուի նկատմամբ պահանջները բավականին բարդ են։ Պահանջվում է բարձրագույն տեխնիկական կամ բնագիտական կրթություն, եւ երկրորդը՝ պետք է ունենա գիտական կոչում, առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային փորձ, որից հինգ տարին՝ կրթության կառավարման եւ քաղաքականության մշակման ոլորտում պետք է անցկացրած լինի։ Օրինակ, նախկին տնօրեն Մանուկ Մկրտչյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ է: Նա ԳԹԿ տնօրենի պաշտոնը ստանձնելուց առաջ տնօրենի տեղակալն է եղել, իսկ տնօրենի կարգավիճակում աշխատել է մոտ մեկուկես տարի։ Նշանակվել է 2007 թվականի դեկտեմբերի 25-ին, հեռացել՝ այս տարվա մայիսի սկզբին։

Ի դեպ, Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հնարավոր է տնօրենի ընտրության կարգի հետ կապված որոշ փոփոխություններ լինեն։ ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանից հետո ոչ մի անգամ չի վերանայվել այն։ Մի խոսքով, այս տարի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն կընտրվի Արմեն Աշոտյանի մշակած կամ էլ վերանայած կարգի հիման վրա։

Գայանե Գրիգորյան