«Հերթական անգամ ամոթալիորեն կապիտուլյացիայի ենթարկվելով Թուրքիայի սպառնալիքների առջեւ, նախագահ Օբաման այսօր չկարողացավ արժանի կերպով ընդունել Հայոց ցեղասպանությունը, նախընտրելով էվֆեմիզմներով (մեղմասացություն) ու խուսափոխական տերմիններով հանդես գալ, որպեսզի բնութագրի մարդկության դեմ իրագործված այդ հանցագործությունը»,- այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):
«Այսօր մենք միավորվելով ԱՄՆ-ի ու ողջ աշխարհի հայությամբ, արտահայտում ենք մեր խորը հիասթափությունը, որ նախագահը ունակ չեղավ դատապարտել եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերին»,- հայտարարել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը:
«Այն բանից հետո, երբ Թուրքիան մեկ տարվա ընթացքում այս հարցի հետ կապված մանիպուլյացիայի ենթարկեց Օբամայի վարչակազմին, նախագահ Օբաման կանգնեց դժվար ընտրության առաջ. կամ վարվել խղճի մտոք եւ կատարել նախկինում տված խոստումը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կամ աջակցել Թուրքիային եւ նրա ճանաչումը մերժող քաղաքականությանը: Ի ցավ բոլոր նրանց, ովքեր մեծ ջանքեր են գործադրել ողջ աշխարհում Ցեղասպանության ճանաչման համար, նա կատարեց սխալ ընտրություն՝ թույլ տալով Թուրքիային խստացնել ճնշումը Ցեղասպանության հարցում Ամերիկայի քաղաքականության վրա»,- ասել է նա:




























