Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է այն, ինչ կանխատեսվում էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից հերթական անգամ ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառը չօգտագործելու փաստը:
«Այն պահից, երբ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին ողջունեց Սերժ Սարգսյանի քայլը, դա նշանակում էր ատամներ կրճտացնելով գոհունակություն հայտնել, որ Հայաստանը մնացել է գործընթացի մեջ: Այսինքն, Երեւանին հասկացրին, որ մենք գնահատում ենք, որ դուք մնում եք գործընթացի մեջ, բայց սխալվում եք, եթե մտածում եք, որ միայն Թուրքյաին պիտի պատժենք: Օբաման չի արտասանելու»,- մանրամասնեց Ստեփան Սաֆարյանը:
Դիտարկմանը, որ երկրորդ տարին շարունակ Օբաման չի կատարում իր խոստումը, Սաֆարյանը նշեց. «Պաշտոնական Երեւանն իր քայլերով փաստացի երեք տարի նվիրեց Միացյալ Նահանգներին եւ Թուրքիային: Թուրքիան հասավ իր նպատակներից մեկին՝ գործընթացի առնվազն սառեցմանը: Միացյալ Նահանգները կարողացան թույլ չտալ հայ-թուրքական մերձեցման ետշրջումը: Իսկ Սերժ Սարգսյանն արեց մի քայլ, որով անասելի հիացմունք պատճառեց որոշ մարդկանց: Այսինքն, բոլորը նեղ, փոքրիկ խնդիրներ լուծեցին, արդյունքում տուժեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»:
Ըստ Սաֆարյանի՝ «թող որեւէ մեկը սա չհամարի իր հաղթանակը, սա ուղղակի ձախողում էր, որովհետեւ Հայաստանի իշխանությունները թույլ տվեցին, որ աշխարհը չճանաչի Հայոց ցեղասպանությունը»:




























