Թուրքիայի հանրապետության յոթերորդ նախագահ 91 ամյա Քենան Էվրենը Բոդրում քաղաքում գտնվող իր ամառանոցում վատանալով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Radikal»-ը։
Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը պետք է գնար «Istanbul Palace» հյուրանոցի սեփականատեր Մուհարեմ Էսքիյաքանի կազմակերպած երեկույթին, երբ կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, իջել է ճնշումը, սրտի հաճախականությունը։ Նրան անմիջապես տեղափոխել են Բոդրումի համալսարանական հիվանդանոց, որտեղ նա գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Քենան Էվրենը մինչ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումը եղել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Նա հենց 1980 թվականի սեպտեմբերի 12-ին իրականացնելով ռազմական հեղաշրջում, ընտրվում է Թուրքիայի նախագահ։ Իսկ վերջերս Թուրքիայում «Taraf» թերթի հրապարակումից հետո, որը գլխավոր շտաբի համար նոր գլխացավանք առաջացրեց, թուրքական ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հայտարարեց, որ ինքը սկսելու է դատական գործընթաց՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի մասնակիցների հանդեպ։ Որին ի պատասխան 91 ամյա Քենան Էվրենը հայտարարեց, թե ավելի լավ է ինքը ինքնասպան լինի, քան դատապարտվի հեղաշրջման համար։



















