ՀՀ նախագահի հրավերով հուլիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն իր տիկնոջ Ասմա Ալ-Ասադի հետ։ Ինչպես հայտնել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Սիրիայի նախագահի այցի առաջին օրը տեղի կունենան երկկողմ բանակցություններ, որից հետո նախագահները կստորագրեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։

Հուլիսի17-ի երեկոյան Բաշար Ալ-Ասադի պատվին ՀՀ նախագահի և Հայաստանի առաջին տիկնոջ անունից կմատուցվի հանդիսավոր ընթրիք։

Այցի շրջանակներում Սիրիայի նախագահը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի հետ։ Ալ-Ասադը կայցելի նաև Մատենադարան։

Հուլիսի 18 -ին երկու նախագահների մասնակցությամբ տեղի կունենա բիզնես-համաժողով։ Նույն օրը Բաշար Ալ-Ասադը կավարտի իր այցը։

Մինչ այդ ՀՀ նախագահը ասել էր, որ Ասադի այցը Երևան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում։ Վերջին անգամ սիրիական բարձր մակարդակի այց եղել է 30 տարի առաջ, երբ դեռեւս Խորհրդային Հայաստան էր այցելել Սիրիայի այժմյան նախագահի հայրը՝ Հաֆես Ասադը։