Այսօր` ապրիլի 26-ին Գարեգին Բ Կաթողիկոսը Բաքվում մասնակցելով Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին, իր ելույթում ի թիվս այլոց, անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրին եւ կարեւորելով խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը:
Նա մասնավորապես ասել է. «Գտնվելով Բաքվում` մենք այսօր փառք ու գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ շարունակվում են ջանքերը Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման առաջնորդելու համար: Այս ուղղությամբ հարկ է կարևորությամբ ու գնահատանքով նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հետևողական տարվող աշխատանքները: Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում նաև հարցի հանգուցալուծմանն ի խնդիր Ռուս Ուղղափառ Եկեղեցու՝ ի սկզբանե ներդրած միջնորդական ջանքերին: Մեր երկրների իշխանությունները հանրապետությունների նախագահների բարձր մակարդակով նույնպես շարունակում են բանակցային գործընթացը: Ուրախ ենք նաև, որ շփումներ կան և երկխոսություն է իրականացվում մեր երկու երկրների քաղաքացիական և հասարակական կառույցների ներկայացուցիչների մակարդակով:
Լիահույս ենք, որ ջանքերը պիտի շարունակվեն, որպեսզի հարցի վերջնական կարգավորումը նույնպես ընթանա բացառապես խաղաղ ուղիներով՝ խնդրահարույց հարցերը վճռելով միջազգային օրենքներին ու չափանիշներին համահունչ և համապատասխան ժողովուրդների իրավունքների նորմերին: Մենք` որպես Հայրապետ Ամենայն Հայոց, կարևոր ենք նկատում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ ալլահշուքյուր Փաշազադեի հետ հարցի լուծմանն ի խնդիր մեր ջանքերի ու գործունեության շարունակումը: Մեր պարտականությունն է հորդորել մեր ժողովուրդներին, աջակցել մեր պետությունների նախագահներին՝ խաղաղությամբ ընթանալու դեպի առկա խնդիրների լուծում և հարցի վերջնական կարգավորում: Մենք հույս ունենք, որ Կովկասյան տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման և խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության համար համընդհանուր ջանքերը պիտի պսակվեն ցանկալի արդյունքներով, և հայ և ադրբեջանցի ժողովուրդների համերաշխ կյանքի ու համագործակցության փորձառությունը վերստին պիտի վերընձյուղվի խաղաղության շիվերով: Մենք աղոթում ենք տեսնելու այն գեղեցիկ օրը, երբ բաց կլինեն բոլոր փակ սահմանները տարածաշրջանում և ազատ տեղաշարժը մարդկանց, ինչպես ժամանակին մենք առիթ ենք ունեցել այցելել Բաքու և կարճաժամկետ ծառայություն մատուցել հայկական եկեղեցում: Հավատարիմ մնանք Քրիստոսի առաքյալի պատվիրանին, որը նաև կոչ է ուղղված ողջ մարդկությանը. „Խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ“ (Բ Կորնթ. 13.11)»:
Խոսքի ավարտին Գագեգին Բ-ն կազմակերպիչներին առաջարկել է Կրոնապետերի հաջորդ գագաթնաժողովը գումարել Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նա հրավիրել է նաեւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հիշեցնենք, որ Բաքվում՝ «Գյուլիստան» պալատում, հանդիպում է տեղի ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի, Համայն Ռուսիո պատրիարքի եւ Կովկասի մահմեդականների առաջնորդի միջեւ:




























