«Ողնուղեղի հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային ժողովում արյան հանձնման ակցիա է ընթանում։ Առաջին կամավորը պատգամավոր Արա Սիմոնյանն է եղել։ Այնուհետեւ շտապել են արյուն հանձնել խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը։ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ինքը չի վախենում, եւ նրան չեն վախեցնում ո՛չ լրագրողները, ո՛չ ասեղները։

Իսկ ահա պատգամավոր Շիրակ Թորոսյանը խոստովանել է, որ վախենում է ասեղից, եւ սա միակ դեպքն է, որ համաձայնել է արյուն հանձնել։

Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ խոստովանել են NEWS.am-ի թղթակցին, որ մտադիր չեն արյուն տալ, քանի որ ակցիայի մեջ որոշակի դիտավորություն են տեսնում եւ կարծում են, որ ակցիան պատգամավորների հիվանդությունները պարզելու նպատակ ունի։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը զայրացել է, որ արյան հանձնումը շոուի է վերածվել։ Նրա կարծիքով, այսպիսի միջոցառումները պետք անցկացվեն պոլիկլինիկաներում, ոչ թե Ազգային ժողովում։

Ինչպես լրագրողներին հայտնել է ֆոնդի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը, ակցիան կազմակերպվել է դոնորների թիվը 15 հազարից 25 հազարի հասցնելու նպատակով։ Այդ նպատակով նրանք դիմել են պետական մի շարք հիմնարկների։ Իրենց համաձայնությունն են տվել Ռուս-հայկական համալսարանը, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը։ Սեւակ Ավագյանի խոսքով, այսօրվա դրությամբ՝ համատեղելի են մոտ 700 նմուշներ։

Նշենք, որ «Ժառանգությունն» ավելի վաղ արյուն հանձնել էր հենց ռեեստրում։