Ապրիլի 23-ի, ժամը 9.30-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Փամբակ գետը դուրս է եկել ափերից և ջրածածկել Սարահարթ գյուղին հարակից ցանքատարածքներն ու այգիները` մոտ 1000 քմ մակերեսով: Վնասի չափը ճշտվում է:
Նույն օրը Լոռու մարզում Փամբակ գետի ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով մեծացել է Վանաձորից Դարպաս գյուղ տանող ճանապարհի փլվածքը: Միաժամանակ տեղի է ունեցել Վանաձորը Դարպասին միացնող երկրորդական ճանապարհի փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի:
Դեպքի վայրում են գտնվել Լոռու մարզպետ Ա. Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետը և «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրենը:
Վերականգնողական աշխատանքները կսկսվեն տեղումների դադարից հետո` հետագա փլուզումներից խուսափելու նպատակով: Տուժածներ չկան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից:




























