«Թուրքիան տարածաշրջանում լրջագույն գործոն է դարձել եւ փորձում է մասնակցել հակամարտությունների կարգավորմանը: Դա նշանակում է, որ մեր դիրքերը Մինսկի խմբի համանախագահների շրջանակում շատ ավելի թույլ են լինելու, քան Ադրբեջանինը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ երբ հայ-թուրքական գործընթացի հենց սկզբից իրենց համար ակնհայտ էր, որ դա մի ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի հասցնելու:

Իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը նշել է. «Անկախ այդ գործընթացի տարբեր փուլերում ի հայտ եկած հանգամանքներից, անկախ քաղաքականապես շահարկման ենթակա խնդիրներից, ՀՀ-ն որևէ կերպ ոչինչ չի կորցնում այս գործընթացից: Ընդհակառակը՝ շահում է տարբեր ճակատներում»։

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ խոսել է Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական գործընթացն սկսելու դրդապատճառների մասին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ներքին լարվածությունը թուլացնելու, ժողովրդի և քաղաքական ուժերի հետ երկխոսության գնալու փոխարեն փորձել է իր լեգիտիմությունը գտնել դրսում, որի արդյունքը հիմա բոլորս ենք տեսնում: «Դրա համար նա գտավ մի թեմա, որը հետաքրքիր էր արտաքին աշխարհին, և այդ թեմայի շուրջ սկսեց կարևորել իր անձը և շփումների մեջ մտնել տարբեր երկրների ղեկավարների հետ»,-ընդգծել է նա: