Խոսակցությունները, թե Հայաստանը «Հզբոլլահին» զենք մատակարարելու տարանցիկ երկիր է, ծիծաղելի եւ անհիմն են: Հայաստանի արտգոծնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իտալական պարբերականի լուրը, նման խոսակցություններն որակեց որպես «սովորական մառազմ եւ ցածրարժեք սադրանք»: Ըստ Բալայանի՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ունեցած ավանդը միշտ էլ բարձր է գնահատվել միջազգային կառույցների կողմից:

Հիշեցնենք, որ իտալական «Corriere della sera» պարբերականը գրել էր, թե Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման պատճառը բեռնային հատվածում տեղի ուենցած պայթյունն է, որտեղ «Հզբոլլահի» համար նախատեսված զենք է եղել:

Համաձայն իտալական պարբերականի՝ բացի ուղեւորների ուղեբեռներից, բեռնային մասում եղել են մեծ քանակությամբ նորագույն դետոնատորներ, որոնք բաղկացած են եղել էլեկտրոմեխանիզմից եւ 2 կգ պայթուցիկից: Զենքը նախատեսված է եղել «Հզբոլլահի» մարտիկների համար, եւ այն Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով պիտի հասցվեր Սիրիա, իսկ Սիրիայից՝ Լիբանան:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր էր ընկել Caspian airlines-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել էր 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել էին: Ուղեւորների թվում եղել էին տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: