Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մովլյութ Չավուշօղլուն նախատեսում է ԵԽԽՎ-ում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հետ քննարկել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հարցը: Հանդիպումը կայանալու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակներում, որն իր աշխատանքներն է սկսել ապրիլի 26-ից: Այս մասին ԵԽԽՎ նախագահը հայտնել է մամուլի ասուլիսում: «Երբ կորոշվի ԼՂ հարցով ենթահանձնաժողովի կազմը, ես որպես ԵԽԽՎ նախագահ կգլխավորեմ այն»,- ասել է նա:
Այս տարվա հունիսին Չավուշօղլուն մտադիր է այցելել Հայաստան, Ռուսաստան եւ Վրաստան: «Ես բարձր մակարդակի հանդիպումներ եմ նախատեսել այդ երկրների նախագահների, խորհրդարանների խոսնակների, առաջատար քաղաքական ուժերի, ընդդիմության, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշել է ԵԽԽՎ նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել խաղաղության հաստատմանը այն տարածաշրջաններում, որտեղ կան չլուծված հակամարտություններ:
Հիշեցնենք, որ իր ԵԽԽՎ նախագահ դառնալուց հետո Չավուշօղլուն այցելել է Ալբանիա, Բոսնիա Հերցոգովինա, Մոլդովա եւ Ադրբեջան:




























