«Բացառված է, որ Թուրքիան ինչ-որ կերպ դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որի վերաբերյալ բազմիցս արտահայտվել են ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Դիտարկմանը, թե հայ-թուրքական արձանագրություններում կան նախապայմաններ, ԱԳ նախարարն ասել է. "Եթե կային նախապայմաններ, ինչու՞ Թուրքիան չվավերացրեց։ Կարծեմ` աշխարհում ոչ մեկը չկա, որ այս արձանագրություններում նախապայման տեսնի, բացի Հայաստանում որոշ ընդդիմախոսներից: Անգամ Թուրքիայի վարչապետն էր ասում, որ նախապայման չկա այս արձանագրությունների մեջ: Թուրքական ընդդիմությունն էլ էր քննադատում թուրքական իշխանություններին, որ «վատ եք բանակցել, նախապայմաններ չկան արձանագրությունների մեջ եւ ստորագրել եք պայմանագրեր՝ առանց այն դրույթների, որոնք կցանկանայինք տեսնել այս արձանագրությունների մեջ, եւ չվավերացնեք, մինչեւ որ չընդունվեն նախապայմանները»:

Այնուհետեւ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հանգրվանում է ԼՂ բանակցային գործընթացը, հատկապես, որ Ադրբեջանը շարունակաբար փորձում է հասնել Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության, նախարարը պատասխանել է «Նորություն չէ, որ Ադրբեջանը քննադատում է ոչ միայն Հայաստանին, այլ ժամանակ առ ժամանակ եռանախագահներին, ժամանակ առ ժամանակ քննադատում է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային, պատահում է՝ Եվրամիությանը, եւ անգամ իր մտերիմ դաշնակից Թուրքիային: Ուղղակի այն ձախողումները որ Ադրբեջանը ունի, այդ տապալված քաղաքականության մեղավորներ է փնտրում, եւ իր բացթողումները փորձում է բարդել ուրիշների վրա: Ինչ վերաբերվում է գործընթացին, ապա գործընթացը ընթանում է իր հունով»: