Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները ոչ հերքել, ոչ էլ հաստատել են Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի՝ առաջիկայում հանդիպելու մասին լուրը:
Հիշեցնենք, որ թուրքական «Սաբահ» օրաթերթը օրերս տեղեկություն էր տարածել, թե Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպելու են սեպտեմբերի կեսերին, Միացյալ Ազգերի կազմակեպությունում:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնեց, թե «նախարարի հանդիպումների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն պատշաճ ժամկետում»:
Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, թե թերթն ընդամենը կանխագուշակություն է արել, քանի որ «նման պայմանավորվածություն հստակ գոյություն չունի»: Ի դեպ, մեր թղթակցին միայն երրորդ փորձից հնարավոր եղավ ստանալ իր հարցի պատասխանը. Նախ խնդրեցին զանգել մեկ օր անց, իսկ հաջորդ օրն էլ հայտնեցին, թե չեն կարող ոչինչ պատասխանել, քանի որ մամուլի ողջ բաժինը նախարարի հետ մեկնել է Լիբանան:




























