Ապրիլի 26-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.18-ին հրդեհ է բռնկվել Հովտաշատ գյուղի 17 փողոցի 18-րդ տանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել Մասիս քաղաքի ոստիկանության աշխատակիցները և շտապ օգնության մեկ բրիգադ: Հրդեհը մարվել է ժամը 11.49-ին: Այրվել են Հրեղեն Եղիազարյանին պատկանող տան ննջասենյակի հատակը` 3 քմ մակերեսով, և մեկ մահճակալ: Ննջասենյակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1961 թ. ծնված Սեդրակ Եղիազարյանի դին` այրված վիճակում:

Նույն օրը Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.54-ին հրդեհ է բռնկվել Եղվարդ քաղաքի Անտառային տնտեսության թաղամասում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.11-ին, մարվել` ժամը 18.22-ին: Ս. Թադևոսյանին պատկանող տանը այրվել են թղթեր և պատին ամրացված` 15 քմ մակերեսով փայտե վահանակ: