Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին: Ինչպես ասուլիսում հայտարարել է ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Ազիմբեկ Բեկնազարովը, զանգվածային սպանությունների մեղադրանքից բացի Բակիեւին կարող է նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք առաջադրվել:

Բելառուսի իշխանություններին մոտ ժամանակներս փաստաթղթեր կուղարկվեն Բակիեւին հայրենիք արտաքսման ենթարկելու համար: Հենց Մինսկում է ապաստան գտել Բակիեւը:

Նախօրեին Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը դեկրետ է ընդունել, որով հեռացրել է Բակիեւին իշխանությունից եւ զրկել նախագահական անձեռնմխելիությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ընդդիմության ղեկավարների ձերբակալությունները ապրիլի 7-ին Ղրղզստանում զանգվածային հուզումների պատճառ դարձան: Իշխանությունների եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ բախումներ տեղի ունեցան, որոնց արդյունքում ընդդիմադիրները գրոհով վերցրեցին պետական իշխանության շենքերն ու հեռուստատեսությունը: Զանգվածային հուզումների արդյունքում զոհվեց 84 մարդ, վիրավորվեցին 567-ը: Նախագահ Կուրմանբեկ Բակիեւը փախավ մայրաքաղաքից եւ իշխանությունն անցավ ժամանակավոր կառավարությանը` Ռոզա Օթունբաեւայի գլխավորությամբ։