«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններից առաջ հարցումներ է իրականացրել, որոնց արդյունքներն այսօր լրագրողներին է ներկայացրել կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Հարցումն իրականացվել է Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թեւի ջանքերով, որին մասնակցել է 1408 մարդ:

Ըստ այդմ, ղարաբաղցիների 84,4 տոկոսը որեւէ փոխզիջման պատրաստ չէ գնալ ԼՂ հարցում: Ադրբեջանցիների՝ ԼՂ վերադարձին դեմ է արտահայտվել հարցվածների 93 տոկոսը, իսկ հայ-թուրքական գործընթացի համատեքստում ԼՂ հարցում զիջումներին դեմ է 85 տոկոսը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԼՂ խնդրի լուծման առումով ում են ավելի շատ վստահում ղարաբաղցիները, պարզվել է, որ ամենից շատ նրանք վստահում են Սերժ Սարգսյանին (28,4%), այնուհետեւ Բակո Սահակյանին՝ (25%), հետո Մեդվեդեւ-Պուտին զույգին (9,9 %) եւ Ռոբերտ Քոչարյանին (6,8 %):

Բացի այդ, ըստ Ադիբեկյանի, նախորդ ընտրությունների համեմատ, այս այս անգամ հետաքրքրությունը ավելի մեծ է` կապված Ղարաբաղի հարցի ակտիվացման հետ: Հարցվածների 80 տոկոսը հետեւում է ԼՂՀ ընտրական գործընթացին: Սոցիոլոգի խոսքով, մոտակա օրերին եւս մեկ հարցում կանցկացվի, քանի որ ընտրարշավի ընթացքում շատ բան փոխվում է:

Նա նշել է, որ հարցումները ցույց են տվել, որ նվազել է Հայաստանին միանալ ցանկացողների թիվը, իսկ փոխզիջումների հարցում երիտասարդներն ավելի արմատական են տրամադրված եւ միանշանակ կողմ են անկախությանը, այնինչ մեծերն ավելի են հակված ճկուն որոշումների։