Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ պահանջելով բեկանել Սաշա Դավթյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին, որով Սաշա Դավթյանի նկատմամբ պատիժ էր նշանակվել 4 տարի ազատազրկումը։

Նշենք, որ Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանը մեղադրվում էր իր անչափափահաս աղջկան բռնաբարելու և երկու դուստրերին խոշտանգելու մեջ։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2009-ի դեկտեմբերի 21-ի դատավճռով արդարացրել է նրան՝ դստերը բռնաբարելու մեղադրանքի մասով՝ հիմք ընդունելով ոստիկանությունում անթույլատրելի ապացույցներով՝ խոշտանգումներով, աղջիկներից ձեռք բերված ցուցմունքները ու Սաշա Դավթյանին մեղավոր ճանաչել դուստրերին խոշտանգելու համար՝ նշանակելով 4 տարի ազատազրկում։

Վերաքննիչ քրեական դատարանը մեղմել է Սաշա Դավթյանի նկատմամբ սահմանած 4 տարվա ազատազրկումը՝ այն դարձնելով 3 տարի, և Դավթյանը համաներում հայտարարելու մասին որոշմամբ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Ըստ բողոք ներկայացնողի՝ "ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ է տրվել «առերևույթ դատական սխալ. դատարանի հիմնավորումները չեն բխում քրեական գործի նյութերից, եւ ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ»:

Դատախազը որպես բողոքի հիմնավորում մեջբերել է այն փաստը, որ Սաշա Դավթյանը խոշտանգումների մասով իրեն մեղավոր է ճանաչել միայն նախաքննության ընթացքում, որից հետո երկու դատարաններում էլ Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչել և կատարած արարքի համար չի զղջացել։ Ըստ բողոքի՝ «Դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչով է պայմանավորված եղել, որ 2008թ. օգոստոսի 11-ին Թեհմինե Դավթյանը (քույրերից ավագը) հոգեմետ հաբեր օգտագործելով ցանկացել է ինքնասպան լինել, իսկ անչափահաս Շուշան Դավթյանը ժամը 23:30-ին սահմաններում հողաթափերով փախել տանից»:

Հիշեցնենք, որ Կենտրոնի ոստիկանությունում Սաշա Դավթյանին և նրա դուստրերին խոշտանգումների ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առայսօր պատասխանատվության չի ենթարկվել՝ չնայած այն բանին, որ հայտնի են նրանց անուններն ու աշխատանքի վայրը: Ընդ որում, ճնշում է գործադրվել նաեւ Սաշա Դավթյանի դուստրերի վրա, որպեսզի հոր դեմ ցուցմունքներ տան, սակայն երեխաները հրաժարվել են: