Ապրիլի 26-ին և 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի եւ Բելառուսի ԱԳՆ-ների միջեւ կադրային քաղաքականության ոլորտում փորձի փոխանակման խորհրդատվություններ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից, բելառուսական պատվիրակությունը ղեկավարում էր այդ երկրի ԱԳՆ կադրերի վարչության պետ Վլադիմիր Վորոնկովիչը: Խորհրդատվություններին մասնակցել է նաև Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն:
Խորհրդատվությունների շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ, որը ողջունելով հյուրերին` կարևորել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև պարբերաբար խորհրդատվությունների անցկացումը:
Օրակարգում ընդգրկված են եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` աշխատանքի ընդունում, պաշտոնեական առաջխաղացում, ատեստավորում, ռոտացիա, կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտում համագործակցություն, սոցիալական երաշխիքներ, ՀՀ և ԲՀ դիվանագիտական ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրություն և դրա զարգացում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև քաղաքացիական ծառայության հետ կապված որոշ հարցեր:
Հյուրերը այցելել են նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա:




























