ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին դուր չի եկել, երբ երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ տեսնում են ընդամենը մի քանի ընդդիմախոս: «Հասկանալի չէ, երբ նորից ակտիվացած ԱԳ նախարարը նշում է, որ արձանագրություններին Հայաստանում ընդամենը մի քանի ընդդիմախոս են դեմ: Եթե նա համարում է, որ արձանագրությունների դեմ ստորագրած քառորդ միլիոն մարդը „մի քանի ընդդիմախոս է“, ես կարծում եմ, որ այս պայմաններում որոշ պաշտոնյաներ չպետք է սպասեն մինչեւ նախագահը իրենց կհեռացնի գործից»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասել է Վահան Հովհաննիսյանը:

Այնուհետեւ անդրադառնալով այն փաստին, որ հայ-թուրքական արձանագրությունները հանվել են քառօրյայի օրակարգից, սակայն մնացել է ԱԺ մեծ օրակարգում, ՀՅԴ պատգամավորը հայտարարել է, որ հասկանալի չէ, թե ինչ է փոխվել՝ եթե հարցը չի հանվել նստաշրջանի օրակարգից: «Որովհետեւ մնացածը արդեն արվել էր ԱԺ նախագահի կողմից: Փաստորեն մենք չէինք վավերացնում, չէ՞», — փաստարկել է նա՝ ներկայացնելով, իր կարծիքով՝ ճիշտ ընթացակարգը. «Նախագահը պետք է հետ տաներ արձանագրությունները՝ վերադարձնելու կամ չվերադարձնելու կամ վերապահումներով հետագայում վերադարձնելու համար»:

Նա կրկնել է ՀՅԴ տեսակետը, ըստ որի, թե ամենաճիշտ քայլը կլիներ ստորագրությունն ընդհանրապես հետ վերցնելը: «Քանի դեռ այդ փաստաթղթում առկա է Հայաստանի ստորագրությունը, մենք ենթակա ենք ճնշումների: Ամեն կերպ փորձ է արվելու Թուրքիայի համար նոր դուռ բացել վավերացնելու իմաստով, եւ ես մտահոգություն ունեմ, որ դա արվելու է կամ փորձ է արվելու դա անել մեր հաշվին՝ Ղարաբաղում պարտադրելով մեզ միակողմանի զիջումներ»,- ասել է նա:

Փոխարենը ՀՀԿ մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի որոշումը գնահատել է որպես «վճռական քայլ», որով «ամրապնդվեցին Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում»: