Հայաստանում տեղեկատվական անվտանգության հարցերը որակական նոր մակարդակի վրա են դրվում։ Այս մասին ապրիլի 27-ին Երեւանում մեկնարկած տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի արտոնագրման հարցերի վերաբերյալ սեմինարի ժամանակ ասաց «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի կառավարության ISO/IEC 27000 միջազգային ստանդարտները տեղայնացնելու եւ որպես ազգային ստանդարտ ընդունելու մասին որոշումը Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում պատմության նոր էջ է բացում։ Ըստ Դավուդյանի՝ ISO 27001 հավաստագրման գործընթացը բավականին ժամանակատար է, սակայն ունի մի շարք առավելություններ։
«Հատկապես ֆինանսաբանկային ոլորտի կազմակերպությունները պետք է հստակ գիտակցեն, թե ինչ առավելություններ է տալիս ստանդարտներին համապատասխանելը եւ հավաստագիր ունենալը»,- ասաց Դավուդյանը՝ ավելացնելով, որ այդ առավելություններից են մրցակիցներից տարբերվելը, շուկայական դիրքերի ամրապնդելը, վստահության աճը եւ նոր գործարար կապերը, հատկապես՝ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները։
«Անհրաժեշտ է նախ հստակ հասկանալ անվտանգության խնդիրները՝ համարժեք եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար»,-ասաց Բրյուսելից ժամանած տեղեկատվական անվտանգության փորձառու խորհրդատու Պատրիկ Իսպենջյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել տեղեկատվության անվտանգության մշակույթ։ «ՏՏ լուծումների անվտանգությունը պետք է կարեւորվի նախ եւ առաջ ընկերությունների տնօրենների կողմից, որոնք էլ պետք է աջակցեն անվտանգության կառավարման համակարգերի արտոնագրման գործընթացին»,- նշեց Իսպենջյանը։




























