Ապրիլի 28-ին ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։ Հիշեցնենք, որ նմանօրինակ օրինագծեր ընդունվել են նաեւ 2008 եւ 2009 թվականներին, հարցը տեղափոխվել է Կնեսետի պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողով եւ, փաստորեն, շարունակություն չի գտել։

Քննարկման ժամանակ վարչապետ Բենյամին Նաթանյահուի ներկայացուցիչն առաջարկել է օրինագծի հետագա քննարկումը տեղափոխել Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի օրակարգ։ Այս առաջարկին կողմ է արտահայտվել նաեւ Իսրայելի Կնեսետի խոսնակ, «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչ Ռուվեն Ռիվլինը, ով, ի դեպ, արդեն երկրորդ տարին է կողմ քվեարկում Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի օրակարգ մտցնելու մասին օրինագծին։

Իսկ ահա օրինագծի հեղինակ, «Մերեց» ձախակողմյան կուսակցության նախագահ Հայմ Օրոնը, ինչպես նաեւ Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները ցանկանում են, որ օրինագիծը քննվի կրթության եւ գիտության հանձնաժողովում, ինչը պայմանավորված է այն մտավախությամբ, որ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում մեծ է թուրքական եւ ադրբեջանական լոբբիի ազդեցությունը եւ հարցը կարող է կրկին մոռացության մատնվել։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի օրակարգ ընդգրկելուն դեմ են արտահայտվել հատկապես «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության պատգամավորները։ Այս կուսակցությունը միավորում է նախկին Խորհրդային Միության երկրներից, մասնավորապես, Ադրբեջանից ներգաղթած հրեաներին։

Այս բանաձեւը դատապարտում է 1915-1923 թթ.-ին հայերի դեմ տեղի ունեցած ջարդերը՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն»: