Մենք պետք է ունենանք արմատական իշխանափոխություն, ձեւավորվի նոր իշխանությունը, որը կլինի կոալիցիոն, քանի որ այսօր չկա որեւէ կուսակցություն, որը իրական ընտրություններում կարող է ճնշող մեծամասնություն ունենալ Ազգային ժողովում:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա չի հավատում, որ վարչապետը, ինչպես հայտարարել է, հրաժարականի դիմում է ներկայացրել փետրվար ամսին, քանի որ քաղաքական դաշտում տեղի ունեցող գործողությունները դրա մասին չէին խոսում: «Երեւի թե Սահմանադրական դատարանի որոշումից հետո է որոշումը կայացվել, որ ինքը պետք է հրաժարական տա: Պարզ է, որ նախագահն է ասել, որ հրաժարականի դիմում ներկայացրու, իր կամքով չէր ներկայացնի դա»,- նշեց նա:

Նրա գնահատմամբ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը մեծ հաշվով նշանակություն չունի, քանի որ վարչապետի եւ Կառավարության փոփոխությունը առանց ամբողջական իշխանափոխության, կառավարման համակարգի փոփոխության, պետությանը եւ քաղաքացաիներին որեւէ դրական փոփոխություն չի տալու: Վարչապետի հրաժարականի պատճառներում նա  երկու համադրություն է տեսնում՝ արտաքին քաղաքական գործոնը՝ կապված Մաքսային միության անդամակցության հետ եւ ներքին քաղաքական գործոնը՝ հասարակության ընդվզման հնարավորությունը խորհրդարանական 4  եւ արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության համագործակցության արդյունքում:

Այս հանգամանքները նա համարում է վարչապետի հրաժարականի հնարավոր պատճառներ, բայց չի շտապում ասել, թե որն է գերակշռել: «Քառյակը պետք է աշխատի ամբողջական իշխանափոխության ուղղությամբ, իսկ Կառավարության հրաժարականը հանգրվանային լուծում է, ամբողջական իշխանափոխության փուլերից մեկն է, ուստի՝ որպես ՀՀ քաղաքացի՝ կարծում եմ՝ քառյակը պետք է քննարկի հետագա զարգացումները եւ ամբողջական իշխանափոխության եւ համակարգափոխության ուղղությամբ աշխատանք պետք է տանի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունը չի կարող բարեփոխումներ իրականացնել, ուստի մեզ պետք է արմատական իշխանափոփոխություն եւ համակարգային բարեփոխումներ:

«Ժառանգության» փոխնախագահը չասաց, թե ով է վարչապետի նախընտրելի թեկնածուն, բայց հավելեց, որ Հայաստանին պետք է մի անձնավորություն, որը նախկինի հետ կապեր չունենա, քանի որ նախկին բոլոր իշխանավորները բացասական մեծ հետագիծ են ունեցել՝ անկախ նրանից՝ որ պաշտոնում են եղել՝ սկսած նախագահից վերջացրած նախարար, քաղաքապետ, փոխնախարար: Նա չցանկացավ գնահատական տալազգային համաձայնությամբ կառավարության ձեւավորման հնարավորությանը:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է: