Նոր կառավարությունում իմ մնալ-չմնալը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձեւավորվելու եւ ինչ ծրագրեր է ունենալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Էկոնոմիկայում «AJA ազատ տնտեսական գոտի» ընկերության հետ պայմանագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իր համար անակնկալ է եղել:

«Իհարկե, սա այն դեպքում, եթե լինի կառավարությունում մնալու առաջարկ»,- հավելել է Ավանեսյանը:

Հարցին, թե որքանո՞վ եք կատարված համարում կառավարությունում էկոնոմիկայի նախարարության կատարած ծրագրերը, նա պատասխանել է. «Ես կարծում եմ, որ նախարարի փոփոխությունը պետք է ունենա նվազագույն ազդեցություն նախարարության ծրագրերի վրա: Ես ճիշտ կհամարեմ, որ նախարարությունը նորմալ աշխատի»:

Հարցին, թե իր կարծիքով կփոխվի՞ կառավարության քաղաքականությունը մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու առումով, Ավանեսյանն արձագանքելն է. «Որեւէ կառավարություն որպեսզի այդ հարցում կայացնի այլ որոշում, պետք է ունենա շատ լուրջ պատճառներ: Մաքսային միությանը միանալու գործընթացները շարունակվում են, եւ բոլոր կարեւոր խնդիրները կատարվելու են նույն արագությամբ եւ նույն տեմպերով»:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է: