Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարությանը պատկանող «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում ամառային եւ տեխնիկական անձնակազմի հետ ուսումնական վարժանքներ են ընթանում՝ Հայաստանի տարածքում աղետի ենթարկված օդանավերի անձնակազմին որոնելու եւ օգնություն ցուցաբերելու թեմայով։
Ինչպես Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունն է հաղորդում, եռօրյա ուսումնական վարժանքներին ռազմաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ մասնակցում են ավելի քան 150 ծառայողներ՝ ռազմական միավորման չորրոդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմից, ինչպես նաեւ բժշկական, նավիգացիոն եւ ինժեներա-ավիացիոն ծառայություններից։
Վարժանքների ընթացքում կմշակվեն տուժածներին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուն, տարհանմանը եւ տեղափոխմանը, ինպես նաեւ միջադեպի պայմանական գոտում ընթացող իրադարձությունների մասին օդից տեղեկատվության ապահովմանը եւ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
«Այս ուղղությամբ ուսումնական վարժանքների նպատակահարմարությունը քաղաքացիական կազմակերպությունների եւ ռուսական ռազմաբազայի միջեւ համագործակցության զարգացման բաղադրիչ մասն է կազմում»,- ընդգծել է Ալեքսանդր Պետրովը։
Ընթացիկ տարվա մայիսին մասնագիտացված ուսուցման ռուսական կենտրոնում ատեստավորում կիրականացվի՝ ռազմական միավորման որոնողա-փրկարարական եւ պարաշյուտա-դեսանտային ծառայությունների մասնագետների համար, որի ընթացքում վերջիններիս փրկարար պարաշյուտների նախապատրաստման եւ օգտագործման, պայմանականորեն աղետի ենթարկված օդանավերի տեխնիկական եւ վիզուալ որոնողական աշխատանքների իրականացման, վիրավորների տարհանման եւ առաջին օգնության տրամադրման վերաբերյալ հարցեր կտրվեն։
Ատեստավորումը կավարտվի տեղանքի տարբեր պայմաններին դիմակայելու վերաբերյալ դասընթացով, որի ընթացքում միայն ձեռքի տակ եղած միջոցներ կօգտագործվեն, այնուհետեւ վատ եղանակային պայմաններում պարաշյուտային թռիչքներ կկազմակերպվեն՝ չպլանավորված տեղանքներում վայրէջքի կիրառմամբ, ընդ որում դեսանտավորման 30 տոկոսը ջրի մակերեսին կիրականացվի։



























