Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի մրցույթից դուրս են մնացել թեկնածուներից երկուսը։ Գեղամ Մելիքսեթյանն ու  Ռուբեն Տերտերյանը չեն ներկայացել ՀՀ մշակույթի նախարարությունում ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին մեկնարկած մրցույթին եւ նրանց թեկնածությունն ինքնաբերաբար հանվել է։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրին Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի միջոցով: Մրցույթն այս պահին շարունակվում է, դեռ ընթացքի մեջ է առաջին` թեստավորման փուլը: 

Երկու թեկնածուների դուրս գալուց հետո փաստորեն մրցույթը շարունակում է յոթ թեկնածու՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, կոմպոզիտորներ  Տիգրան Դավթյանն ու Երվանդ Երկանյանը, Անդրանիկ Արզումանյանը:

Տեղեկացնենք նաեւ, որ ըստ նախարարության սահմանած կարգի` քննությանը լրատվամիջոցների մուտքը արգելված է: