Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմաթիվ ապօրինի գործողություններ է արել եւ մի օր պատասխան է տալու: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Տիգրան Սարգսյանը մի մարդ է, որը բացի նրանից, որ վարկաբեկված մարդ է իր ապօրինի գործարքներով, ինձ համար նաեւ մի մարդ է, որը փորձեց քայքայել ընդդիմադիր դաշտը, ամեն կերպ միջամտում էր դատական համակարգի արդարացի վճիռներ կայացնելու: Այնպես որ, նա մի օր պատասխան է տալու իր արածների համար»,- ասաց նա:

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջել են Ռուսաստանի Դաշնությունից, ՀԱԿ խմբակցության պատգամավորն ընդգծեց. «Ինձ համար կարեւոր չէ, թե ում պահանջով է եղել Տիգրան Սարգսյանի հրաժարականը` Եվրամիության, թե Ռուսաստանի: Մեզ համար կարեւոր է, թե արդյոք մենք կհասնենք Սերժ Սարգսյանի իշխանափոխությունը: Ինձ համար էականը դա է, իսկ արտաքին ուժերի միջամտությունը լինում է այն դեպքում, երբ պետությունը թույլ է լինում»:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Վարչապետի դիմումը բավարարվել է: