Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր՝ ապրիլի 4-ին, ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, ընդմիջում է. դատավոր Վաղինակ Մկրտչյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի փաստաբանի ներկայացրած լրացված միջնորդության մասին։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդությունը հիմնավորում է նրանով, որ դատավորն անաչառ չէ եւ թույլ է տվել քրեական օրենսգքրի խախտումներ, որի հետեւանքով ոտնահարվել են իր եւ իր պաշտպանյալի շահերը։ Մասնավորապես, դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ըստ նրա, առանց հիմքի մերժել է իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը եւ որեւէ սանկցիա չի կիրառել դատարանի դահլիճում իր հասցեին տուժող կողմի հնչեցրած վիրավորանքների հետ կապված։

«Այդ վիրավորանքն անհարգալից վերաբերմունք էր նաեւ դատարանի հանդեպ։ Դուք իրավունք ունեիք սանկցիա կիրառել, նաեւ պարտավոր էիք քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատարանին»,- դատավորին ասաց փաստաբանը՝ նշելով, որ բոլոր այս փաստերն իրենց հիմք են տալիս կասկածելու, որ դատավորը գործով անաչառ որոշումներ կկայացնի։

Վարդան Պետրոսյանն ասաց, որ միանում է իր փաստաբանի միջնորդությանը, քանի որ  փաստաբանը «իր ներկայացրած փաստերով ջախջախել է դատախազին», սակայն, դատարանը, չգիտես ինչու, անհիմն իրեն պահել է կալանքի տակ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղ ավտովթարից զոհված Էդգար Հակոբյանի մայրը՝  Աննա Կարապետյանը տեղից միջամտեց. «Ջախջախել, պրծել ես»։

Դատախազ Արթուր Սարգսյանը եւ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն ասացին, որ դատավորի ինքնաբացարկի հիմքեր չեն տեսնում։

«Դատարանը խախտումներ  չի արել, իսկ տուժողի կողմից արված արտահայտությանը, որը արել էր փաստաբանի հասցեին, եթե դատարանը չի արձագանքել, ուրեմն հարմար չի գտել, դա դատարանի իրավունքն է՝ սանկցիա կիրառել կամ չկիրառել՝ ելնելով հանգամանքներից»,- ասաց Արթուր Սարգսյանը:

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկություն ներկայացրեց Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ՝ նշելով, որ պաշտպանական կողմը դատավոր Վարդան Պետրոսյանի՝ գործին հանդեպ նախատրամադրված լինելու վերաբերյալ որեւէ փաստ չի ներկայացրել, հետեւաբար միջնորդությունն անհիմն է։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am