Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր՝ ապրիլի 4-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են «Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ» եւ «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության, ինչպես նաեւ «Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները (ֆոտոռեպորտաժ):
Մինչ պարգեւատրման պաշտոնական արարողության մեկնարկը ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր այս մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված կանանց մասին: Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհավորել է մի շարք անվանակարգերում հաղթողներին եւ նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերը: Մասնավորապես, «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Իզոտեխ» ընկերության հիմնադիր Գոհար Հարությունյանը՝ Երեւանից եւ «Գորիսի միկրոշարժիչ» ընկերության հիմնադիր Սոնա Բալասանյանը՝ ՀՀ Սյունիքի մարզից, «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝ «Արթ սուիթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Նաիրա Բալասանյանը՝ Երեւանից եւ «Բոնուս առեւտրի կենտրոնի» տնօրեն Լիանա Գրիգորյանը՝ ՀՀ Վայոց ձորի մարզից, «Լավագույն կին բարեգործ» անվանակարգում՝ «Արտ Բրիջ» ընկերության հիմնադիր-տնօրեն Շաքեհ Հավան Կարապետյանը՝ Երեւանից եւ անհատ ձեռներեց Այծեմնիկ Օհանյանը՝ ՀՀ Լոռու մարզից, «Լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ «Կառա ընդ կո» ընկերության հիմնադիր Կարինե Ավետիսյանը՝ Երեւանից եւ «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանը՝ ՀՀ Արագածոտնի մարզից, «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում՝ «Գանգես» ընկերության հիմնադիր-տնօրեն Մարինե Ներսիսյանը՝ Երեւանից եւ անհատ ձեռներեց Էմմա Մարգարյանը՝ ՀՀ Արմավիրի մարզից, «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում՝ «ԵՎԱՍ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արմինե Մուրադյանը՝ Երեւանից եւ անհատ ձեռներեց Նուբար Սահակյանը՝ ՀՀ Տավուշի մարզից:
«Լավագույն քաղաքային համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքային համայնքը, 2-րդ եւ 3-րդ տեղերում՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան եւ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքները, իսկ «Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» անվանակարգում՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը, 2-րդ եւ 3-րդ տեղերում՝ ՀՀ Արմավիրի մարզի Արեւաշատ եւ ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղական համայնքները:
«Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն գաղափար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հ2» հ/ը լրագրող Արփինե Թամրազյանը, «Լավագույն լրագրողական աշխատանք» անվանակարգում՝ «ՄԻՐ» հ/ը լրագրող Իրինա Մկրտչյանը, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» անվանակարգում՝ «ԱՐ» հ/ը լրագրող Կարեն Խաչատրյանը, «Նախաձեռնող կնոջ կերպար» անվանակարգում՝ «Hetq.am» լ/կ լրագրող Երանուհի Սողոյանը եւ «Անսպասելի կին հերոս» անվանակարգում՝ «NEWS.am» լ/կ լրագրող Ինգա Մարտինյանը: Հաղթող բոլոր լրագրողներին արժանացել են ՀՀ վարչապետի պատվոգրերի եւ պարգեւատրվել հայկական արտադրության ԱրմԹաբ պլանշետներով: Հատուկ մրցանակ է շնորհվել նաեւ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության լրագրող Անի Ստեփանյանին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























