Չեմ կարծում, թե ՀՀ վարչապետի թեկնածուն ԲՀԿ-ից կլինի, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նա նաեւ հավելել է, որ վարչապետի հրաժարականն անսպասելի չէր:
«Պարզապես անսպասելի էր երեկվա օրը, քանի որ հրաժարականի սպասում էի ամսի 20-ի կողմերը՝ հաշվի առնելով մեր համատեղ նախաձեռնությունը»,- նշել է նա:
Պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, որ վարչապետի հրաժարականը խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների գործունեության հետեւանք էր: Ի պատասխան հարցին, թե արդյոք հրաժարականը արտաքին ուժերի ազդեցության արդյունք էր, Մարգարյանը նշել է, որ ինքը այդ կարծիքին չէ, եւ տեղի ունեցածը ներքաղաքական գործընթացների հետեւանք է: Ինչ վերաբերում է 4 խմբակցությունների միասնական թեկնածուի առաջադրմանը, Մարգարյանը նշել է, որ գործողությունների համատեղ ծրագիր ունեն, եւ առաջնայինը երկրում կառուցվածքային փոփոխություններն են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խորհրդարանում կայացել է ոչ իշխանական չորս ուժերի փակ հանդիպումը՝ նվիրված ապրիլի 28-30-ի շուրջօրյա հանրահավաքների հետ կապված հետագա հարցերին:
Նախապես ծրագրվել էր հանրահավաքների ժամանակ պահանջել վարչապետի հրաժարականը: Սակայն նախօրեին Տիգրան Սարգսյանն ինքն է հրաժարական տվել, ինչի մասին հայտնի էր դարձել ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ ապրիլի 3-ի երեկոյան:



























