Եթե հնարավոր լինի նվազագույն անվտանգության, նվազագույն սպասարկման որակ ապահովելու դեպքում պահել ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագինը, ապա դա էլ կառաջարկվի որպես տարբերակ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
«Բայց եթե մենք տեսնենք, որ մեր չափորոշիչները այնքան են նվազեցնում, որ իջնում է անվտանգության շեմից, բնականաբար այդ շեմի որոշում չի ընդունվի»,-ասաց Վահե Նիկոյանը։
Նշենք, որ այսօր նիստի ընթացքում ներկայացվեցին IPSC սոցիոլոգիական եւ քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները, ըստ որի, 15% շահութաբերության դեպքում ներքաղաքային ուղեվարձի արդյունավետ գինը միկրոավտոբուսի համար 207 դրամ է, դիզելով շահագործվող ավտոբուսների համար՝ 252 դրամ, գազով աշխատող ավտոբուսների համար՝ 176 դրամ։ Նույն ուսումնասիրության համաձայն՝ առանց շահութաբերության շահագործվելու դեպքում միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամ, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ համապատասխանաբար 219 և 170 դրամ։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ իրենք աշխատանքներ ունեն իրականացնելու, որպեսզի օպտիմալացնեն այս ծախսերը, եւ այդ ժամանակ մեկ ուղեւորի ուղեւորափոխադրման արժեքը կփոխվի. «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ արժեքը էապես նվազեցվի»։
«Շեմ չի կարող լինել, քանի որ ծախսերի նվազեցումը կախված է նաեւ այլ չափորոշիչներից, նայած թե մենք ինչ ենք պահանջում։ Եթե մենք ի սկզբանե պահանջում էինք 5 տարի շահագործման ժամկետ եւ փոխում ենք մեր մոտեցումը՝ ընդունելով, որ պայմանական կարող է լինել 10 տարի ժամկետով, ինչը ներկայումս էլ ունենք, ապա այդ ծախսերը էականորեն նվազում են»,-ասաց հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը։
Վահե Նիկոյանը նկատեց, որ սակագինը փոխելիս պետք է քննարկվի նաեւ սոցիալական խմբերի հարցը, եւ տարբեր գներ կարող են սահմանվել սոցիալական տարբեր խմբերի համար։
Նշենք, որ քաղաքապետին դեռ չեն ներկայացվել Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրության արդյունքները։




























