«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել եւ քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից Էթիկայի կանոնները խախտելու փաստը:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 25-26-ին Երեւանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպան ակտիվիստների եւ ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի միջեւ: «Անպատասխանատու» որակելով Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունը՝ բնապահպան ակտիվիստները միջոցացառման դահլիճում կազմակերպել են բողոքի ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության եւ դրա նկատմամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ի պատասխան ակցիայի մասնակիցների հնչեցրած կարծիքների՝ նախարարը սպառնացել է ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի Էթիկայի կանոնները, այդ թվում՝ հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ եւ սպառնալիքներ հնչեցնելը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին  ոչ հարիր վարքագիծ է եւ էթիկայի կանոնների կոպիտ խախտում, որպիսի պարագայում վտանգվում Է նաեւ հարգանքի եւ վստահության ձեւավորումը նրա ներկայացրած մարմնի նկատմամբ»,-ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: