ԱՄՆ-ի իշխանությունները թույլ են տվել Boeing-ին եւ շարժիչներ արտադրող General Electric-ին օդանավերի պահեստամասեր մատակարարել Իրան: Վաշինգթոնն այս քայլին է դիմել պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու շրջանակներում, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաստատել է 18 շարժիչ սպասարկելու վերաբերյալ ընկերությունների հայտը, որոնք Իրանին էին վաճառվել 1970-ականներին: GE-ի եւ Իրանի քաղաքացիական ավիաոլորտի ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ` Ստամբուլում:
Boeing ընկերությունում հայտարարել են, որ Իրանի հետ համագործակցոթյան թույլտվությունը վերաբերում է միայն այն սարքերին, որոնք անհրաժեշտ են օդանավերի անվտանգ թռիչքների համար, եւ որոնք Իրանին են վաճառվել մինչեւ 1979թ. իսլամական հեղափոխությունը: Իրան նոր օդանավեր մատակարարելու մասին բանակցություններ չեն տարվում:
Doeing-ը եւ GE-ն ԱՄՆ-ում առաջին ձեռնարկություններն են, որոնց Վաշինգթոնը թույլատրել է գործնական հարաբերություններ վարել Իրանի հետ` 1979թ. հեղափոխությունից եւ Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը գրավելուց հետո: Այդ իրադարձությունների պատճառով Վաշինգթոնը մի շարք պատժամիջոցներ էր կիրառել Իսլամական Հանրապետության դեմ, որոնք հետագայում ընդլայնվել էին Իրանի միջուկային ծրագրի իրականացման հետեւանքով:
Իրանը պնդում է, որ պատժամիջոցները թույլ չեն տալիս իրեն համալրել օդանավերը, որ ստիպված է վերանորոգել բավական հին մեքենաները: 1990թ.-ից Իրանի ավիացիայում տեղի է ունեցել 200-ից ավելի դժբախտ պատահար, զոհվել է 2 հազար մարդ:
2014թ. հունվարին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների մի մասը վերացվել էր, երբ Իրանը համաձայնել էր դադարեցնել իր միջուկային ծրագիրը:




























