«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը չի պատկերացնում, թե մի օր իր անդամները կլինեն կառավարության կազմում: Այս մասին այսօր` ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք հնարավոր է թիմը մտնի կառավարության կազմի մեջ:
«Ինչպե՞ս կարող ենք մտնել կառավարության մեջ: Ես չեմ պատկերացնում, հատկապես որ մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք»,- ժպտալով նկատեց Դավիթ Մանուկյանը:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին, Դավիթը նշեց. «Մեր թիրախը երբեք չի եղել Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ինձ համար որպես քաղաքացի մեղմ ասած չի հուզում, թե որ ֆիգուրը կփոխարինի նախկին վարչապետին: Իսկ «Դեմ եմ» նախաձեռնությունը պայքարում է միայն կուտակայինի հակասոցիալական, հակամարդկային, հակասահմանադրական օրենքի դեմ»:
Նշենք, որ խոսակցություններ կան, որ «Դեմ եմ» նախաձեռնությունը կարող է դառնալ քաղաքական ուժ:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավարարել էր:




























